ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 26-ին խորհրդարան էին այցելել Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ուսանողներն ու դասախոսները:
Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ողջունելով ուսանողներին, ներկայացրել է սահմանադրական փոփոխությունների ընթացակարգը, խոսել խորհրդարանական կառավարման ձեւի մասին, ինչպես նաեւ անդրադարձել խորհրդարանի գործունեությանը, երկրի տնտեսական վիճակին ու հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակին: Այս համատեքստում տիկին Նաղդալյանը նշել է, որ Հայաստանի վաղվա անվտանգությունն ու սահմանների ամրությունը կախված է այսօրվա պատանիներից:
Խորհրդարանի փոխնախագահը կարեւորել է «Բաց դռներ» ծրագրի ձեւաչափը եւ նշել, որ սա այն հարթակն է, որը հնարավորություն է ընձեռում երիտասարդների միջոցով ծանոթանալու հասարակությանը հուզող հարցերին:
Հերմինե Նաղդալյանը պատասխանել է նաեւ ուսանողների ու դասախոսների հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակին, ԼՂ հակամարտությանը, գործող Սահմանադրությանը եւ առաջարկվող փոփոխություններին:
Այցի ավարտին հյուրերը Ազգային ժողովի նիստերի դահլիճում լուսանկարվել են ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ: